Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ), ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, ազդարարել է Silicon Mountains 2026 Summit & Expo-ի մեկնարկը։
Այն կանցկացվի նոյեմբերի 3-4-ին՝ Dvin Music Hall-ում եւ One&Only Theatre-ում։
Այս տարի Silicon Mountains 2026-ը հանդես կգա նոր՝ ընդլայնված ձեւաչափով․ առաջին անգամ ավանդական գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի նաեւ լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես:
Երկօրյա միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի հայկական եւ միջազգային տեխնոլոգիական ընկերություններին, հեռանկարային ստարտափներին, գիտահետազոտական կենտրոններին, ներդրողներին եւ ոլորտի առաջատար մասնագետներին՝ Երեւանը վերածելով տարածաշրջանի տեխնոլոգիական, ինժեներական եւ բիզնես հանգույցի։
Նոյեմբերի 3-ին կկայանա «Invest in Innovation» խորագրով Silicon Mountains 2026 գագաթնաժողովը, որը կմիավորի համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին՝ քննարկելու նորարարությունների ֆինանսավորման, կիսահաղորդիչների, ճարտարագիտական լուծումների եւ ներդրումային էկոհամակարգերի զարգացման հեռանկարները։
Գագաթնաժողովի գլխավոր խոսնակը կլինի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիրը, իսկ բեմում հանդես կգան միջազգային հեղինակավոր փորձագետներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ եւ գիտնականներ։
Նույն օրը տեղի կունենա նաեւ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ համախմբելով ավելի քան 13 երկրների լավագույն մասնակիցներին եւ ընդգծելով միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նոր սերնդի տաղանդների ներուժը։
Նոյեմբերի 4-ին՝ ցուցահանդեսին զուգահեռ, կմեկնարկի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը, որի օրակարգում կլինեն չիպերի նախագծումը, հետազոտություններն ու մշակումները, տաղանդների զարգացումը եւ միջազգային համագործակցությունը։ Ֆորումը հարթակ կստեղծի մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման եւ նոր գործընկերությունների ձեւավորման համար։