11:50 | 31.08.26 | Նորություններ | 175

Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցել են Ucom-ի «Junior Academy» ծրագրին

Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացի շրջանավարտները մասնակցել են Ucom-ի «Junior Academy» երկշաբաթյա ծրագրին՝ խորացնելով իրենց գիտելիքները հեռահաղորդակցության ոլորտում կիբեռանվտանգության եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։

Ucom-ի մասնագետները պատանիների համար անցկացրել են տեսական եւ գործնական հանդիպումներ՝ ներկայացնելով թիմային աշխատանքի եւ ճգնաժամերի կառավարման առանձնահատկությունները, արդյունավետ հաղորդակցության սկզբունքները, հեռահաղորդակցության ոլորտում կիբեռանվտանգության դերը, ինչպես նաեւ ոլորտում առկա մասնագիտական եւ կարիերայի հնարավորությունները։ 

Մասնակիցները հնարավորություն են ունեցել անմիջականորեն շփվելու տարբեր ուղղությունների մասնագետների հետ, ծանոթանալու նրանց աշխատանքին եւ քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը։

«Junior Academy»-ն ձեւավորվել է որպես «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության շարունակություն։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ցանկություն էին հայտնել ավելի մոտիկից ծանոթանալու Ucom-ի աշխատանքին եւ հասկանալու, թե ինչպես են ստացած գիտելիքները կիրառվում իրական աշխատանքային միջավայրում։ Նրանց հետաքրքրությանը արձագանքելով՝ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց երկշաբաթյա ծրագիրը։

«Ucom-ի համար երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը միայն կրթական նախաձեռնություն չէ, այլ ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացման մեջ։ Տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը կախված է ոչ միայն նոր լուծումներից, այլեւ այն մարդկանցից, որոնք ստեղծելու եւ զարգացնելու են դրանք։ Մենք միշտ պատրաստ ենք մեր փորձը, գիտելիքն ու մասնագիտական միջավայրը հասանելի դարձնել երիտասարդներին՝ օգնելով նրանց ավելի վստահ պատկերացնել իրենց հնարավորությունները եւ ապագա մասնագիտական ուղին»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Junior Academy»-ն Ucom-ի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլն է՝ ուղղված երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանը, տեխնոլոգիական գիտելիքների զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Նախաձեռնության միջոցով պատանիները հնարավորություն են ստանում ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերել, այլեւ դրանք կապել իրական աշխատանքային միջավայրի եւ տեխնոլոգիական ոլորտում ապագա մասնագիտության ընտրության հետ։