Bloomberg-ի հեղինակ Մարկ Գուրմանը կիսվել է ծալվող iPhone-ի նոր մանրամասներով։
Նրա խոսքով՝ Apple-ի այս նորամուծության մշակումը ընթանում է ամբողջ թափով եւ պաշտոնական անոնսը սպասվում է արդեն հաջորդ տարի։ Սարքը լինելու է ժամանակակից Fold մոդելների նմանակը․ այն բացվելու է գրքի պես եւ օգտատերերին առաջարկելու է 8-դյույմանոց ներքին էկրան։ Արտաքին էկրանի չափը կլինի ոչ ավելի, քան 5–6 դյույմ։
Առաջին ծալվող iPhone-ը կօժտվի նաեւ սեփական բջջային մոդեմով եւ չորս տեսախցիկով` արտաքին եւ ներքին էկրաններին, եւս երկուսը՝ հետեւի վահանակի վրա։ Կենսաչափական նույնականացման համար կօգտագործվի Touch ID սենսորը, որը տեղադրված կլինի կողային «power» կոճակի մեջ։
Վերլուծաբան Մին-Չի Կուոն ավելի վաղ հայտնել էր, որ սարքի հաստությունը ծալված վիճակում կկազմի շուրջ 9.5 մմ․ այսինքն՝ յուրաքանչյուր կեսի հաստությունը կլինի 5 մմ-ից պակաս, ինչն ավելի բարակ է, քան ցանկացած նախկինում թողարկված iPhone։
Գուրմանի խոսքով՝ ծալվող iPhone-ի արտադրությունը կմեկնարկի 2026-ի սկզբին, իսկ ներկայացումը, ամենայն հավանականությամբ, կկայանա ավանդական կերպով՝ աշնանը: