Հայկական պատվիրակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Սյուզաննա Շամախյանը
15:03 | 03.09.25 | Նորություններ | 452
Սեպտեմբերի 2-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում, Հայաստանը ներկայացրել է AI կրթության իր ազգային մոդելը։
Երկրորդ տարին անընդմեջ «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառմանը հայկական պատվիրակությունը հրավիրվում է կիսելու «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիր փորձառությունը։
Թվային ուսուցման շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր հավաքն այս տարի անցնում է «Արհեստական բանականությունը եւ կրթության ապագան. առաջընթացներ, դիլեմաներ եւ ուղղություններ» խորագրով՝ ուսումնասիրելով՝ ինչպես է ԱԲ-ն վերափոխում ուսումնական ծրագրերը եւ համակարգերը, եւ վեր հանելով կրթության մեջ հավասարության, էթիկայի եւ մարդկային դերի շուրջ հրատապ հարցերը։
Հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱԲ կրթության ազգային ռազմավարությունների շուրջ սեպտեմբերի 2-ին կայացած միջնախարարական հանդիպմանը։
«Արհեստական բանականության խորացված կրթությունը դառնում է ուսումնական ծրագրի բաղադրիչ՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով հայաստանյան աշակերտների համար՝ լինելու ոչ միայն տեխնոլոգիաների օգտագործողներ, այլեւ ստեղծողներ ու նորարարներ ԱԲ ոլորտում»,- նշել է նախարարի տեղակալը։
Հաջորդիվ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը ներկայացրել է 2023-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող «ԱԲ սերունդ» ծրագրի փորձը։
Ուշադրության են արժանացել ազգային մակարդակում փորձարկվող այս ծրագրի աշխարհագրական լայն ընդգրկումը, անվճար հասանելիությունը եւ աղջիկների ներգրավվածությունը, ավագ դպրոցներում խորացված ԱԲ-ի՝ որպես առարկայի ներդրման փորձը, ինչպես նաեւ ինքնին ծրագիրը՝ որպես մասնավոր-պետություն գործակցությամբ եւ սփյուռքի աջակցությամբ ստեղծված մոդել։
««ԱԲ սերունդ»-ը խորքային AI կրթության մասին ծրագիր է, որը մշտապես համադրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կրթական չափանիշներին՝ կենտրոնական տեղ տալով կրթակարգին, մեթոդաբանությանը եւ ուսուցիչների հետեւողական աշխատանքին։
Ծրագրի առանցքում գտնվում է հասանելիությունը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ սոցիալ-տնտեսական տարբեր խմբերի համար։ Միաժամանակ, ծրագրում հաջողությամբ սովորելը պահանջում է մաթեմատիկական հիմքեր։ Փորձը վկայում է, որ նախնական գիտելիքը՝ զուգորդված բարձր մոտիվացիայի հետ, հնարավորություն են տալիս աշակերտներին արդյունավետ ներգրավվել խորացված կրթության մակարդակում»,- ընդգծել է Սյուզաննա Շամախյանը։
Սեպտեմբերի 1-ից «ԱԲ սերունդ» ծրագիրն ընդլայնվել է ՀՀ բոլոր մարզերում՝ դարձնելով Հայաստանն աշխարհի առաջին երկրներից մեկը, որ ԱԲ կրթությունը ներդնում են դպրոցական մակարդակում։