Instagram-ը Հնդկաստանում ու Հարավային Կորեայում փորձարկում է նոր ինտերֆեյս, որն առաջին հերթին ցուցադրում է հավելվածի Reels էջը։
Ընկերությունը առաջին անգամ նմանատիպ դիզայն ներկայացրել էր այս ամսվա սկզբին՝ գործարկելով իր առաջին iPad հավելվածը։ Նոր ինտերֆեյսում Stories-ները շարունակում են մնալ վերեւում, ինչպես նախկինում, սակայն ուղիղ հաղորդագրությունների (DM) կոճակը տեղափոխվել է նավիգացիոն վահանակի կենտրոն, իսկ Reels-ի ներդիրը կտեղափոխվի երկրորդ դիրք։ Օգտատերերը կարող են սվայփ անել՝ անցնելու համար տարբեր ներդիրների միջեւ։
Following ներդիրը այժմ տեղակայված է Reels-ի կողքին եւ տալիս է երեք տարբերակ․
• All՝ առաջարկվող հրապարակումներ եւ reels այն հաշիվներից, որոնց հետեւում եք,
• Friends՝ հրապարակումներ եւ reels փոխադարձ հետեւորդներից,
• Latest՝ նորագույն հրապարակումներ եւ reels։
Instagram-ը նշել է, որ թեեւ այս վերաձեւավորումը փորձարկվում է սահմանափակ թվով օգտատերերի հետ, ընկերությունը նախատեսում է այն գլոբալ դարձնել։
Անցած շաբաթ Instagram-ը հայտարարել էր, որ գերազանցել է ամսական 3 միլիարդ օգտատերերի շեմը։ Meta-ն նշել է, որ այդ աճը մեծամասամբ պայմանավորված է կարճ տեսանյութերով, որոնք իր տարբեր հարթակներում կիսվել են 4.5 միլիարդ անգամ։ Այդ պատճառով էլ հավելվածի ինտերֆեյսում ավելի մեծ ուշադրություն է դարձվում Reels-ին եւ ուղիղ հաղորդագրություններին։