Ստարտափների վաղ փուլում ներդրումներ իրականացնող Triple S Ventures վենչուրային ֆոնդը նշում է հիմնադրման երրորդ տարեդարձը։
Երեք տարվա ընթացքում ֆոնդը հասցրել է ներդրումներ կատարել 19 նորարարական ստարտափում, որոնք գործում են արհեստական բանականությունից մինչեւ կենսատեխնոլոգիաներ, առողջապահական տեխնոլոգիաներից մինչեւ SaaS-ի եւ ստեղծարար տնտեսության ոլորտներում։
Triple S Ventures-ի ներդրումները հատում են Հայաստանի սահմանները՝ հասնելով Միացյալ Նահանգներ, Եվրոպա՝ վկայելով հիմնադրամի գլոբալ մոտեցումն ու տարբեր շուկաներում ակտիվ ներկայությունը։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է միլիոնավոր դոլարների ֆինանսավորում, իսկ իր պորտֆելային ընկերություններն արդեն ներգրավել են տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ՝ ապահովելով միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորություններ։
Ընկերությունն ունի համատեղ ներդրումներ Alumni Ventures, Y Combinator, Nyca, Point Nine Capital, Decacorn եւ Cambridge Enterprise նման առաջատար վենչուրային ֆոնդերի հետ։ Ընկերության պորտֆելում ընդգրկված ստարտափները միջազգային ճանաչում են ստացել մրցանակների, դրամաշնորհների եւ հեղինակավոր ծրագրերի մասնակցության միջոցով։
«Այս երեք տարիներին մենք տեսել ենք, թե ինչպես են հավակնոտ գաղափարները՝ համառության եւ ճիշտ աջակցության շնորհիվ, վերածվում ոչ միայն ոլորտները փոխող ընկերությունների, այլեւ իրական ազդեցություն ունեցող նախաձեռնությունների։ Սա միայն սկիզբն է եւ մենք ավելի քան երբեւէ հանձնառու ենք աջակցել այն հիմնադիրներին, ովքեր համարձակվում են փոխել աշխարհը», - նշել է Triple S Ventures-ի հիմնադիր գործընկեր Ավագ Սիմոնյանը։
Triple S Ventures-ը գործում է աշխարհագրական սահմանափակումներից դուրս եւ ներդրումներ է կատարում մինչեւ 250 հազար դոլարի չափով։ Կապիտալից զատ, ընկերությունը ստարտափներին տրամադրում է ռազմավարական խորհրդատվություն, գործառնական փորձառություն եւ հասանելիություն է տալիս միջազգային ձեռներեցների, ներդրողների ու մասնագետների ցանց։
Երրորդ տարեդարձը նշելով՝ ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իր գլոբալ ներկայությունը եւ խորացնել ներգրավվածությունը առաջնային տեխնոլոգիաներում՝ արհեստական բանականություն, կայուն կենսատեխնոլոգիաներ եւ նոր սերնդի ֆինանսական լուծումներ։
Հաջորդ տարիների համար Triple S Ventures-ի առաջնային ուղղությունը լինելու է ոչ միայն կապիտալի տրամադրումը, այլեւ սահմաններից դուրս կամուրջներ կառուցելը ձեռներեցների, ներդրողների եւ շուկաների միջեւ՝ ապահովելով, որ հավակնոտ գաղափարները հասնեն մասշտաբային եւ կայուն ազդեցության։