Իլոն Մասկի xAI ընկերությունը զբաղվում է Grokipedia-ի («Գրոկիպեդիա») ստեղծմամբ։ 

Նրա խոսքով՝ այս ծառայությունը լինելու է «զգալիորեն ավելի լավը», քան «Վիքիպեդիան» եւ մոտեցնելու է AI ընկերությանը գլոբալ նպատակին՝ «հասկանալ տիեզերքը»։ Մասկը Grokipedia-ն անվանում է «բաց կոդով գիտելիքների պահոց»։ Օգտագործման վրա սահմանափակումներ չեն լինի։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

All-In փոդքաստում Մասկը նշել է, որ Grok մոդելը օգտագործում է բարդ տրամաբանական ալգորիթմներ եւ կարող է հասկանալ՝ «Վիքիպեդիայի» էջում ինչն է լիովին ճշմարիտ, ինչը՝ մասնակի ճշմարտություն, որտեղ է կեղծիք, իսկ որտեղ՝ բաց թողնված փաստեր։ Դրանից հետո այն կարող է վերաշարադրել տեքստը՝ հեռացնելով կեղծիքները, հստակեցնելով «կեսճշմարտությունը» եւ լրացնելով բաց թողնված համատեքստը։

2023 թ․ հոկտեմբերին գործարարը գրել էր, որ պատրաստ է առցանց հանրագիտարանին տալ 1 միլիարդ դոլար, եթե այն փոխի իր անվանումը՝ դարձնելով Dickipedia։ Նա քննադատում էր դրա ոչ օբյեկտիվ լինելը։

2025 թ․ սկզբին նա հայտարարել է, որ «Վիքիպեդիան» «ձախակողմյան ԶԼՄ-ների ճյուղ է» եւ «պրոպագանդայի աղբյուր»՝ կոչ անելով չֆինանսավորել այդ ծառայությունը։