Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Italian Tech Week-ին ելույթ ունենալիս նշել է AI շուկայի «փուչիկի» մի քանի հատկանիշ։ 

Դրանց թվում են ընկերությունների բաժնետոմսերի գների եւ բիզնեսի «ֆունդամենտալ ցուցանիշների» միջեւ կապի բացակայությունը, ինչպես նաեւ գաղափարների նկատմամբ «հիացմունքն ու գերհետաքրքրությունը»։

«Այսօր ներդրողներին դժվար է տարբերակել լավ նախագծերը վատերից, եւ նրանք պատրաստ են գումար ներդնել AI-ի ցանկացած փորձի մեջ», - ասել է նա։

Այնուամենայնիվ, Բեզոսը «փուչիկներում» վտանգ չի տեսնում։ «Երբ կրքերը հանդարտվեն, մենք կտեսնենք հաղթողներին եւ գործնական օգուտը։ AI-ը հասարակությանը հսկայական առավելություններ կբերի», - հավելել է նա։

Օրինակ բերելով դեղագործական եւ բիոտեխնոլոգիական ոլորտները, որոնք 1990-ականներին անցել են նմանատիպ բումի միջով, Բեզոսը ընդգծել է, որ այդ ժամանակ շատ ընկերություններ սնանկացան, ներդրողները կորցրեցին գումարներ, բայց արդյունքում առաջացան մի շարք կենսականորեն կարեւոր դեղամիջոցներ։