Նոյեմբերի 8-ին կայացել է  ՖԵՄԻՆՆՈ կազմակերպության նախաձեռնած «STEM/ԲՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի 2025 թվականի ամփոփիչ մրցույթը։

Միջոցառմանը մասնակցել է 160 աղջիկ Հայաստանի բոլոր մարզերից։ Ամառային եռամսյա ծրագրի ընթացքում 7-12-րդ դասարաններում սովորող աղջիկները մտահղացել, զարգացրել եւ իրագործել են STEM/ԲՏՃՄ (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) նախագծեր, որոնք մրցել են լավագույնը ճանաչվելու եւ պարգեւների արժանանալու համար։ Կազմվել էր 20 թիմ՝ մարզային խառը բաշխվածությամբ, յուրաքանչյուրում՝ 10 մասնակից։ 

«STEM/ԲՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագիը կրում է «Աղջիկները պետք են գիտությանը» կարգախոսը։

«Մենք հիացած ենք տեսնել ծրագրի բացահայտ արդյունքները՝ այն աճը, որ հատկապես տեսանելի է ծրագրի մեկնարկից մինչեւ ավարտը, եւ հատկապես երբ համեմատում ենք անցած տարի մասնակցած աղջիկների անհամեմատ մեծ տարբերությունը, թե որքան ինքնավստահ են, որքան համարձակ են, եւ որքան ավելի լավ են պատկերացնում STEM ոլորտները։ Պարտադիր չէ, որ մասնակիցները բոլորը բնագիտությամբ զբաղվեն ապագայում, բայց այս մրցույթը հաստատ շատ բան է փոխել կրթության ու ուսումնառության շուրջ նրանց պատկերացումներում։ Ես չեմ կասկածում, որ մի օր իսկապես հպարտանալու ենք նաեւ այս աղջիկներից շատերի նվաճումներով», - նշել է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր եւ նախագծի հեղինակ Սեդա Պապոյանը։

Մասնագիտական ժյուրիի գնահատմամբ հաղթող է ճանաչվել 5 թիմ, իսկ մյուսների համար սահմանվել էին հատուկ խրախուսական անվանակարգեր եւ նվերներ։ Հաղթող թիմերից մեկի հետազոտությունը ականջակալների վնասի մասին էր, մյուս խումբը արհեստական բանականության կիրառությամբ փոդքասթերի շարք էր ստեղծել պատմությանը հայտնի կին գիտնականների մասնակցությամբ, մեկ այլ խումբ բացառապես բնական գունանյութերով ու բաղադրիչներով կոսմետիկ միջոցներ էր պատրաստել, մյուսը համակարգ էր ստեղծել արհեստական բանականության օգնությամբ պատանիների համար կիբերանվտանգ միջավայր ստեղծելու նպատակով, իսկ մի խումբ էլ նախագծել էր բույսերի արդյունավետ աճի համար նախատեսված ծրագիր եւ ուղեցույց, թե, օրինակ, ինչպես են ազդում երաժշտությունը, լույսը, միջավայրը եւ այլ գործոնները։ 

«STEM/ԲՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի իրականացմանն աջակցել են ամերիկյան Հենրի Լյուս եւ Թրայվ Արմենիա հիմնադրամները։ ՖԵՄԻՆՆՈ-ի թիմը նախատեսում է պահպանել ծրագրի ամենամյա բնույթն ու ներգրավել առավել մեծ թվով աղջիկների։