Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տվյալներին նվիրված ամենամեծ միջոցառումը՝ DataFest Tbilisi-ն, կանցկացվի նոյեմբերի 27–ից 29-ը՝ արհեստական բանականության հատուկ շեշտադրմամբ։
«Այս տարի փառատոնը կհյուրընկալի Հայաստանից ժամանած բացառիկ խոսնակների ու նորարարների », - iTel.am-ին հայտնել են DataFest Tbilisi-ի կազմակերպիչները։
Իններորդ անգամ անցկացվող DataFest Tbilisi 2025-ը նվիրված է տվյալների եւ AI-ի ապագային՝ համախմբելով տեխնոլոգիաների, բիզնեսի, դիզայնի, արվեստի առաջատար մասնագետներին աշխարհի եւ տարածաշրջանի տարբեր երկրներից։
Փառատոնը դարձել է տարածաշրջանային կարեւոր հարթակ՝ գիտելիքի փոխանակման եւ միջսահմանային համագործակցության համար։
Այս տարի TUMO-ի, Infocom-ի, Wearify-ի եւ TradingView-ի հայ մասնագետները հանդես կգան ելույթներով եւ վարպետաց դասերով՝ ներկայացնելով, թե ինչպես են հայ նորարարները մասնակցում համաշխարհային AI լանդշաֆտի ձեւավորմանը։
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը կներկայացնի TUMO-ի ինժեներական լաբորատորիայի վերջին նորարարությունները:
AI հետազոտող եւ Wearify-ի համահիմնադիր Նազելի Տեր-Պետրոսյանը կխոսի նոր առաջացող տեխնոլոգիաների հնարավորությունների մասին, որոնք ժամանակին անհնար էին թվում և ներկայում փոխակերպում են արվեստագետների եւ մեքենաների փոխհարաբերությունը։
Infocom-ի տվյալների լրագրող Կատյա Մամյանը հանդես կգա գործնական վարպետաց դասով AI-ի օգնությամբ վեբ տվյալների հավաքագրման վերաբերյալ:
TradingView-ի արտադրանքի դիզայներ Գոռ Ապիցարյանը կներկայացնի, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում UX աշխատանքային հոսքերը՝ սկսած ավտոմատացված ուսումնասիրություններից մինչեւ AI-ով աշխատող գործիքներ։
Փառատոնի երրորդ օրը կանցկացվի հատուկ Kids & Teens ծրագիր (7–18 տարեկանների համար), որի ընթացքում DataFest-ի աջակից TUMO-ն կղեկավարի ինտերակտիվ աշխատարանը։ Երիտասարդ մասնակիցները կստեղծեն գեղարվեստական AI կերպարներ, կգեներացնեն վիզուալներ ու երգեր, կմշակեն կայքեր եւ AI գործակալներ, որոնք կմասնակցեն «հեռախոսի խաղին»՝ միավորելով պատմություններն ու ստեղծագործական տարրերը։
Այս տարվա փառատոնը չորս հիմնական ուղղություն կունենա՝
• Տեխնոլոգիաներ (AI, ML, LLMs, MLOps, տվյալային ինժեներիա, քվանտային հաշվարկ);
• Բիզնես եւ ստարտափներ (AI պրոդուկտների զարգացում եւ մասշտաբավորում);
• Արվեստ (գեներատիվ դիզայն եւ ստեղծարար AI);
• Հասարակություն (բարոյագիտություն, կարգավորում, թվային հմտություններ, աշխատանքի ապագա, պատասխանատու AI):
Մասնակիցներին սպասում են համաշխարհային AI առաջնորդների ելույթներ, գործնական մասնագիտական աշխատարաններ, տարածաշրջանի AI հիմնադիրներին ներառող Startup Expo, Open Mic եւ AMA սեսիաներ։
Այս տարի
iTel.am-ը միացել է փառատոնին որպես մեդիա գործընկեր: