Այս տարի UWC Դիլիջանի միջազգային դպրոցը նշում է իր ամառային ճամբարների ծրագրի 10-րդ տարեդարձը՝ արժևորելով աշխարհի տարբեր անկյուններից ժամանած պատանիներին ոգեշնչելու, նոր հմտություններով զինելու և առաջնորդության ուղին հարթելու տասնամյա ուղին:

2015թ. ի վեր UWC Դիլիջանի ամառային ճամբարները հյուրընկալել են տասնյակ երկրներից 11-18 տարեկան հարյուրավոր պատանիների՝ Դիլիջանի գողտրիկ բնության գրկում ձևավորելով միջազգային համայնք: Այստեղ ակադեմիական գիտելիքը միահյուսվում է բացօթյա արկածների, ստեղծագործական աշխատանքի և խնդիրների համատեղ լուծման հետ: Մասնակիցների համար սա մի յուրօրինակ կյանքի դպրոց է, որի ընթացքում ձեռք են բերում նոր ընկերներ և հմտություններ, որ չես գտնի դասագրքերում:

Ճամբարի փորձը զարգացնում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հետաքրքրասիրությունը, դիմակայունությունը և սեփական համայնքն ավելի լավը դարձնելու ցանկություն: 

«Շատերի համար ամառային ճամբարը դառնում է առաջին քայլը դեպի UWC մեծ ընտանիք և առաքելություն: Այս տաս տարիների ընթացքում տեսել ենք, թե ինչպես են պատանիները դառնում աշխարհի ինքնավստահ քաղաքացիներ, ամուր ընկերություններ ձևավորում և շրջապատող աշխարհի մասին ավելի լայն պատկերացումներ ձեռք բերում», - նշել է ծրագրի տնօրեն Էլենա Շերոզիան:

«Ճամբարն ինձ սովորեցրեց փոխադարձ հարգանք, շրջակա միջավայրի հանդեպ հոգատարություն և օգնեց հասկանալ տարբեր մշակույթներ: Հենց այդ փորձն էր, որ ինձ բերեց UWC, իսկ այսօր արդեն կրթությունս շարունակում եմ Լեյդենի համալսարանում: Սա լավագույն հարթակն է այն պատանիների համար, ովքեր ցանկանում են ճանաչել աշխարհն ու տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց»,- նշել է Ջուլիանը, որը նախ մասնակցել է ճամբարին, ապա դարձել UWC Դիլիջանի ուսանող:

UWC Դիլիջանն ավելի է ընդլայնում իր ծրագրերը՝ ներառելով նոր թեմաներ ու համագործակցություններ: Աշխարհի բոլոր ծայրերից ժամանող երիտասարդների համար սա հրաշալի հնարավորություն է՝ ճանաչելու Հայաստանի մի պատառիկը, ապրելու Դիլիջանի կախարդական միջավայրում և տուն վերադառնալու անմոռանալի հիշողություններով:

Ամառային ճամբարների ծրագրին ծանոթանալ հնարավոր է այստեղ։