10:21 | 27.03.26 | Նորություններ | 717
Ամերիկայի Տեխաս նահանգի Օսթին քաղաքի դատարանում կայացել է կիբերհանցագործության մեղադրանքներով ԱՄՆ-ին արտահանձնված Հայաստանի քաղաքացի Համբարձում Մինասյանի գործով առաջին դատական նիստը՝ վերջինիս մասնակցությամբ:
Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ Մինասյանը ենթադրաբար համագործակցել է այլ անձանց հետ եւ ֆինանսական շահ ստանալու նպատակով՝ զարգացրել եւ կառավարել է RedLine տեղեկատվության գողության վնասակար ծրագիրը, որը համարվում է աշխարհում ամենատարածվածներից մեկն ու նախկինում օգտագործվել է խոշոր կորպորացիաներ ներխուժումներ իրականացնելու համար։
RedLine-ն օգտագործվել է խոշոր ընկերությունների դեմ կիբերհարձակումների ընթացքում եւ գողացել է տվյալներ, այդ թվում՝ մուտքային տվյալներ համակարգիչներից։
Երեք կետից բաղկացած մեղադրական եզրակացության համաձայն՝ մեղադրյալները պահպանել են թվային ենթակառուցվածք՝ ներառյալ C2 սերվերներ եւ վարչական վահանակներ, որոնք թույլ են տվել այլ օգտատերերի («աֆիլացված անձանց») կիրառել վնասակար ծրագիրը։ Նրանք նաեւ ստացել են վճարումներ այդ անձանցից՝ հնարավորություն տալով օգտագործել RedLine-ը, ինչպես նաեւ աջակցել կիրառման գործընթացում։ Բացի այդ, նրանք ենթադրաբար համագործակցել են զոհերի ֆինանսական տվյալները գողանալու եւ պահելու համար, ինչպես նաեւ «լվացել» են կիբերհանցագործությունից ստացված միջոցները՝ օգտագործելով կրիպտոբորսաներ եւ այլ մեխանիզմներ։
Մեղադրանքում նշվում է, որ Մինասյանը գրանցել է երկու վիրտուալ մասնավոր սերվեր՝ RedLine-ի ենթակառուցվածքի մի մասը տեղակայելու համար, ինչպես նաեւ երկու ինտերնետային դոմեյն։ Նա նաեւ ստեղծել է առցանց ֆայլերի փոխանակման հարթակներում պահոցներ, որոնք օգտագործվել են ծրագրի տարածման համար։ 2021 թվականի նոյեմբերին նա, ըստ մեղադրանքի, գրանցել է կրիպտոարժույթի հաշիվ, որի միջոցով ստացվել են վճարումներ։
2024 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Նիդեռլանդների, Բելգիայի, Eurojust-ի եւ այլ գործընկերների հետ իրականացրել է միջազգային գործողություն՝ RedLine-ի գործող տարբերակը խափանելու նպատակով։ Իշխանությունները ստեղծել են նաեւ հատուկ կայք՝ operation-magnus.com, որտեղ ներկայացված են տեղեկատվություն եւ ռեսուրսներ հանրության եւ հնարավոր զոհերի համար։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է առաջադրել ենթադրյալ համահեղինակ Մաքսիմ Ռուդոմետովի դեմ, որը RedLine-ի մշակողներից եւ կառավարիչներից մեկն է։
Դատապարտվելու դեպքում Մինասյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում առաջին մեղադրանքի համար եւ մինչեւ 20 տարվա ազատազրկում մյուս երկուսի համար։ Վերջնական պատիժը կսահմանի դաշնային դատավորը։