Կայացել է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներին նվիրված քննարկում, մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կիբեռանվտանգության բարձրացմանը եւ այդ ուղղությամբ համալիր միջոցառումների ձեռնարկմանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ էներգետիկ բնագավառն ունի առանցքային կենսական նշանակություն եւ օգտվողների լայն շրջանակ, ուստի, հաշվի առնելով հնարավոր ռիսկերը՝ նպատակային է համարվել այդ գործընթացները մեկնարկել ՀԷՑ-ից՝ այն դիտարկելով որպես օրինակելի մոդել այլ ռազմավարական ոլորտներում կիբեռանվտանգության ստանդարտների ներդրման ճանապարհին:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն նշել է, որ առկա է ներքին կարողությունների զարգացման, փորձագիտական ու տեխնիկական աջակցության ներգրավման, ինչպես նաեւ ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված համապարփակ ծրագրերի իրականացման անհրաժեշտություն։
Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ պետությունը պետք է ստանձնի համակարգողի եւ երաշխավորի դերը՝ ապահովելով ինչպես համակարգերի անվտանգությունը, այնպես էլ՝ հանրային վստահությունը։
Քննարկման ընթացքում ԲՏԱ նախարարության եւ ՀՏՀԳ ներկայացուցիչները կարեւորել են պետական մասնագիտացված կառույցների անմիջական ներգրավվածությունը նախատեսվող հետագա գործընթացներում։
Քննարկումն ամփոփվել է մասնագիտական խորհրդակցությունները պարբերական դարձնելու պայմանավորվածությամբ։