11:33 | 13.05.26 | Նորություններ | 203
Տավուշցի հարյուրավոր աշակերտներ Team-ի աջակցությամբ հնարավորություն են ստացել մասնակցելու մշակութային կրթական «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին, որի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի եւ ընկալելի դարձնել դպրոցականների համար, ձեւավորել մշակութային ճաշակ եւ նպաստել արվեստով հետաքրքրված սերնդի ձեւավորմանը։
«Սիմֆոնիկ ԴասA»-ն երկարաժամկետ կրթական ծրագիր է, որն իրականացվում է 2018 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։ Ծրագիրը միտված է վերափոխելու դասական երաժշտության մասին ավանդական ընկալումները՝ այն դարձնելով ավելի հասանելի եւ հետաքրքիր պատանիների ու երիտասարդների համար, ինչպես նաեւ խթանելով նրանց ներգրավվածությունը մշակութային կյանքում։
Ծրագրի շրջանակում իրականացվող ինտերակտիվ դասերի շնորհիվ դպրոցականները ծանոթանում են դասական երաժշտության առանձնահատկություններին, երաժշտական գործիքներին եւ հնարավորություն ունեն ներկա գտնվելու կենդանի համերգների՝ ստանալով անմիջական մշակութային փորձառություն։
«Կրթությանն ու մարզերի զարգացմանն աջակցող ծրագրերին զուգահեռ՝ մենք կարեւորում ենք նաեւ մշակութային կրթությունը եւ մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումը երիտասարդ սերնդին։ Ուրախ ենք, որ մեր երկարամյա ռազմավարական գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ իրականացրել ենք եւս մեկ նախաձեռնություն, որը նպաստում է երիտասարդների զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի մարզերում ապրող երեխաների համար մշակութային կրթության հասանելիության ընդլայնմանը»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
««Սիմֆոնիկ ԴասA»-ի նպատակն է երիտասարդացնել դասական երաժշտության ունկնդրին։ Ծրագիրը հատկապես կարեւոր է մարզերի եւ սահմանամերձ համայնքների երեխաների համար, քանի որ այն ոչ միայն զարգացնում է նրանց երեւակայությունը, երաժշտական ճաշակը եւ ինքնավստահությունը, այլեւ հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու դասական երաժշտությունը, ինչպես նաեւ հայկական եւ միջազգային մշակութային արժեքները: Շնորհիվ Team-ի հետ համագործակցության՝ ծրագիրը հասանելի է դարձել Կողբ համայնքի հարյուրավոր երեխաների՝ նրանց եւս հնարավորություն տալով դառնալու այս գեղեցիկ մշակութային շարժման մի մասը»,-նշել է «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ուղղության ղեկավար Տաթեւիկ Ադամյանը։
Ծրագիրը մեկնարկից ի վեր իրականացվել է 200-ից ավելի դպրոցում՝ թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում ընդգրկելով մոտ 73 հազար աշակերտի։ Աշակերտները ներգրավվել են ինտերակտիվ դասերի եւ ներկա գտնվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։
Team Telecom Armenia-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել երիտասարդների կրթությանն ու համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը: