NVIDIA-ն ներկայացրել է արհեստական բանականության համար նախատեսված նոր չիպ համակարգիչների համար, որը մշակվել է Microsoft-ի հետ համատեղ։
RTX Spark-ը ընկերության առաջին միկրոչիպն է, որը միավորում է կենտրոնական եւ գրաֆիկական պրոցեսորների հնարավորությունները։ Nvidia-ն պնդում է, որ այս չիպերը սովորական համակարգիչներին եւ նոթբուքերին հնարավորություն կտան ակտիվորեն օգտագործել արհեստական բանականության տեխնոլոգիաները։
Սա Nvidia-ի առաջին միկրոպրոցեսորն է, որը ստեղծվել է անմիջապես անձնական համակարգիչների եւ նոթբուքերի համար։
Nvidia-ի տվյալներով՝ նոր չիպը 2026 թվականի աշնանից հասանելի կլինի Windows համակարգով աշխատող մի շարք համակարգիչներում եւ նոթբուքերում, այդ թվում՝ Lenovo, HP, Dell Technologies, Microsoft Surface եւ ASUS ապրանքանիշերի սարքերում։
Ընկերությունը նշում է, որ նոր չիպերով համակարգիչները կարող են էապես փոխել օգտատերերի աշխատանքը։ Որպես օրինակ՝ բերվում է կիբերսպորտային սթրիմինգը, որը կարող է համակարգչին հանձնարարել ավտոմատ անջատել լույսերը, խոսափողը եւ փոխել հեռարձակման ռեժիմը։
Nvidia-ի եւ Microsoft-ի համագործակցությունը եւս կարեւոր է, քանի որ Microsoft-ը համակարգիչների եւ նոթբուքերի օպերացիոն համակարգերի շուկայի համաշխարհային առաջատարն է։ Ապրիլի վերջի դրությամբ Windows-ի մասնաբաժինը կազմում էր 62%, Apple-ի համակարգչային օպերացիոն համակարգերինը՝ 11%, Linux-ինը՝ մոտ 5%, իսկ Chrome OS-ինը՝ մոտ 3%։
Նոր չիպերով համակարգիչները կարտադրվեն Lenovo-ի (27%), HP-ի (21%), Dell-ի (15%) եւ ASUS-ի (7%) կողմից, որոնք միասին վերահսկում են շուկայի շուրջ 70%-ը։
Շնորհանդեսից հետո Nvidia-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 2.5%-ով, Microsoft-ինը՝ 5%-ով, HP-ինը՝ 12%-ով, Dell-ինը՝ 32%-ով, իսկ Lenovo-ինը՝ 5%-ով։
Ամեն տարի աշխարհում համակարգիչների եւ նոթբուքերի համար արտադրվում է 250-300 միլիոն չիպ եւ պրոցեսոր։ Համաշխարհային շուկայի տարեկան ծավալը գնահատվում է 150-200 միլիարդ դոլար։
Համակարգիչների եւ նոթբուքերի կենտրոնական պրոցեսորների հիմնական արտադրողները ներկայում ամերիկյան Intel եւ Advanced Micro Devices ընկերություններն են։ Intel-ի մասնաբաժինը համաշխարհային CPU շուկայում կազմում է 65-70%, իսկ AMD-ինը՝ 30-35%։
Nvidia-ի հայտարարությունից հետո AMD-ի բաժնետոմսերը նվազել են 4.5%-ով, իսկ Intel-ինը՝ 6%-ով։
Apple-ը սեփական սարքերի համար չիպեր է արտադրում թայվանական TSMC ընկերության հետ։ Տարեկան արտադրվում է մոտ 20 միլիոն չիպ։ Ընկերությունը նաեւ ուսումնասիրում է Intel-ի եւ Samsung Electronics-ի հետ համագործակցության տարբերակները։
Qualcomm-ը արտադրում է Snapdragon պրոցեսորներ սմարթֆոնների, պլանշետների եւ տարբեր ապրանքանիշերի նոթբուքերի համար։ Տարեկան արտադրվում է շուրջ 500-600 միլիոն չիպ։ Nvidia-ի ներկայացումից հետո Qualcomm-ի բաժնետոմսերը նվազել են 9%-ով։