12:58 | 15.06.26 | Նորություններ | 88

Մեկնարկել է FAST-ի AI մասնագիտությունների 2-րդ ճամբարը

2-րդ տարին անընդմեջ Հանքավանը հյուրընկալում է AI մասնագիտությունների ճամբարը դպրոցականների համար։

Այս տարի ճամբարը բաց է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ սփյուռքի դիմորդների համար՝ միավորելով 14-17 տարեկան 460-ից ավելի մասնակցի։

AI ճամբարն իրականացնում է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ։ 

Այն ձեւավորվել է ի շարունակություն FAST-ի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի, որը ներդնում է խորացված AI կրթությունը հանրակրթական համակարգում եւ գալիս է լրացնելու այն նաեւ դասասենյակից դուրս։

Ըստ FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի՝ շատ կարեւոր է, որ պատանիները հնարավորություն ունենան հստակ պատկերացնելու ապագան․ 

«AI ճամբարն ունի հստակ մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ։ Այն սկսվում է ինքնաճանաչումից ու հմտությունների զարգացումից մինչեւ անմիջապես AI մասնագետների հետ շփում։ Շատ կարեւոր է, որպեսզի երեխաները զգան սեփական ներուժը ու պատկերացնեն՝ ինչ մասնագիտական հեռանկարներ են նրանց համար բացվում AI-ի զարգացմամբ»։

Ճամբարը հնարավորություն է տալու պատանիներին բացահայտելու AI-ի ու հարակից ոլորտների մասնագիտությունները, առողջապահության, ֆինանսների եւ այլ բնագավառներում դրա կիրառությունները, ճանաչելու սեփական ուժեղ կողմերը, զարգացնելու արդի ու մրցունակ հմտություններ եւ, ըստ անհատական հետաքրքրությունների, կազմելու իրենց կարիերային ու անձնական աճի ուղին։ 

Որպես համաիրականացնողներ՝ FAST-ն ապահովում է ճամբարի մասնակիցների բովանդակային եւ գիտելիքային, իսկ AMAA-ը՝ ճամբարային առօրյան՝ հագեցած խաղերով, ժամանցային եւ մրցութային ծրագրերով։

«Կրթությունը միայն դասասենյակով չի սահմանափակվում։ Հենց այդ պատճառով Հանքավանի ճամբարում մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ պատանիները կարող են բացահայտել իրենց տաղանդները, ձեռք բերել կյանքի եւ ապագայի համար անհրաժեշտ հմտություններ ու ձեւավորել նոր երազանքներ։ FAST-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս այս առաքելությունը հարստացնել նաեւ արհեստական բանականության ոլորտի ամենաարդիական գիտելիքներով»,- նշել է AMAA-ի Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը։

Բացի AI ճամբարից դպրոցականների համար այս տարի բացվել է նաեւ առանձին եռօրյա Ձեռնարկատիրական AI ճամբար։ Այն անցնում է Mercedes Benz-ի եւ Lufthansa-ի պես հսկաների համար վերապատրաստումներ իրակացրած բեռլինյան հայտնի նախաձեռնության՝ IMPACT week-ի շրջանակում՝ հնարավորություն տալով աշակերտներին մտածելու որպես ստարտափերներ, զարգացնելու ամենաարդի հմտություններից մեկը՝ դիզայն մտածողությունը եւ պատրաստ լինելու կյանքի կոչելու ցանկացած գաղափար։

Ճամբարն այս տարի ունի նաեւ ֆինանսական գրագիտության մասով գործընկեր՝ IDBank-ը, որը հատուկ աշխատարաններ է վարում աշակերտների համար։ Որպես սոցիալական պատասխանատվության մշակույթի մաս՝ ճամբարի մասնակիցների՝ պատահարներից ապահովագրությունն անվճար տրամադրել է Նաիրի Ինշուրանսը։