12:57 | 17.06.26 | Նորություններ | 137

Հայտնի է DigiTec 2026-ի անցկացման ամսաթիվը

DigiTec-ը՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը, այս տարի կկայանա նոյեմբերի 20-22-ին։

DigiTec 2026-ը տեղի է ունենալու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար կարեւոր շրջադարձի փուլում։ Հայաստանը արագորեն ձեւավորվում է որպես արհեստական բանականության ենթակառուցվածքների տարածաշրջանային կենտրոն։

Այս զարգացումները, համակցվելով Հայաստանի ռազմավարական դիրքի հետ՝ Եվրոպայի, Ծոցի երկրների եւ Կենտրոնական Ասիայի միջեւ, երկիրը դարձնում են բնական կամուրջ աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական շուկաների միջեւ։

Այս տարվա DigiTec-ի բովանդակությունը մեծապես խարսխված է պատմական այս շրջադարձի վրա։ Թեմատիկ ուղղությունները եւ միջազգային առաջատար խոսնակների ցանկը կհայտարարվեն առաջկայում։ Կազմակերպիչները խոստանում են տեխնոլոգիական աշխարհի ամենահեղինակավոր խոսնակների աննախադեպ մասնակցություն։

Բացի կոնֆերանսից եւ ցուցահանդեսից, DigiTec 2026-ը կներկայացնի բիզնես կապերի ձեւավորման ընդլայնված հնարավորություններ։

2025 թվականի հոբելյանական՝ 20-րդ թողարկումը միավորել է ավելի քան 30,000 այցելու, շուրջ 200 ցուցադրող ընկերություն, 100 միջազգային խոսնակ եւ մասնակիցներ ավելի քան 30 երկրներից։

Առաջին «ԴիջիԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել եւ իրագործել էր տեխնոլոգիական համայնքի առաջնորդ, Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ/UATE) երկարամյա տնօրեն, լուսահոգի Կարեն Վարդանյանը։