12:41 | 18.06.26 | Նորություններ | 363

Ucom-ը եւ Իմփաքթ Հաբ Երեւանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափներին

Ucom-ը` Իմփաքթ Հաբ Երեւանի հետ համագործակցությամբ, հայտարարում է Ucom Ֆելոուշիփ ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին։ 

Արդեն երրորդ տարին անընդմեջ Ucom-ն աջակցում է վաղ փուլում գտնվող ստարտափներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում Հայաստանի բնապահպանական կարեւորագույն մարտահրավերների համար։ 

Մեկնարկային միջոցառումը տեղի է ունեցել Իմփաքթ Հաբ Երեւանում՝ համախմբելով 2026 թվականի ծրագրի մասնակից ձեռներեցներին, նորարարներին եւ կայուն զարգացման ոլորտի ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում հանդես են եկել Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը, որից հետո այս տարվա մասնակիցները ներկայացրել են իրենց նախաձեռնությունները։

«Ucom-ի համար տեխնոլոգիաները միայն կապի եւ թվային ծառայությունների մասին չեն․ դրանք նաեւ գործիք են՝ հասարակությանն ու շրջակա միջավայրին օգտակար լուծումներ ստեղծելու համար։ Արդեն երրորդ տարին անընդմեջ մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք առաջարկում են գործնական, նորարարական եւ երկարաժամկետ լուծումներ Հայաստանի բնապահպանական խնդիրների համար։ Վստահ ենք, որ նման թիմերին եւ գաղափարներին աջակցելը ներդրում է ոչ միայն առանձին ստարտափների, այլեւ ավելի կայուն ապագայի ձեւավորման մեջ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք շատ ենք կարեւորում այնպիսի միջավայրերի ձեւավորումը, որոնք նորարարներին հնարավորություն են տալիս իրական փոփոխություններ իրականացնել։ Երբ տեսնում ենք, որ Սեւանա լիճն ավելի առողջ է, որ դաշտերում ավելի քիչ թափոններ կան, որ ավելի շատ երիտասարդներ են հավատում, որ կարող են այստեղ կառուցել ինչ-որ բան՝ չհեռանալով երկրից, դա արդեն հաջողություն է։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ Ucom-ի նման ընկերությունը որոշում է, որ արժե ներդրում կատարել նորարարության մեջ», - նշել է Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը։

Այս տարվա նախաձեռնություններն առաջարկում են լուծումներ տարբեր ուղղություններով՝ տեքստիլ թափոնների վերաօգտագործումից եւ Սեւանի էկոհամակարգի պահպանությունից մինչեւ թվային բնապահպանական ակտիվիզմ եւ արեւային էներգիայով աշխատող սանիտարահիգիենիկ լուծումներ։ 

2026 թվականի մասնակիցների թվում են Sweet Dreams, Clean Environment, Eco Station, Step2Green, Latte Environmental NGO, Rivers2Sevan եւ Trinity ASZ նախաձեռնությունները։

Ինն ամիս տեւողությամբ ծրագրի ընթացքում մասնակիցները կմասնակցեն ինտենսիվ աշխատարանների՝ նվիրված բիզնես մոդելավորմանը, մարքեթինգին, ֆինանսավորման հնարավորություններին եւ այլ թեմաների։ Նրանք նաեւ հնարավորություն կունենան օգտվելու Իմփաքթ Հաբի՝ ավելի քան 100 կենտրոն ընդգրկող միջազգային ցանցից։ Ծրագրի ավարտին առավել խոստումնալից նախագծերը կստանան 400,000 դրամի նախնական ֆինանսավորում՝ իրենց գործունեությունն ընդլայնելու համար։