Google-ը փորձարկում է նոր ստուգման համակարգ՝ reCAPTCHA-ն, որը որոշ դեպքերում խնդրում է օգտատիրոջը թույլատրել իր տեսախցիկի հասանելիություն եւ կատարել պարզ ձեռքի ժեստ։
Սա անհրաժեշտ է հաստատելու համար, որ կայք մուտք գործելու փորձ անում է մարդը, այլ ոչ թե բոտը։
Նորարարությունը գովազդվում է որպես արհեստական բանականության բոտերի դեմ պայքարի միջոց, որոնք սովորել են շրջանցել ավանդական captcha-ները, որոնք պահանջում են ճիշտ պատկերների ընտրություն եւ դժվարընթեռնելի նիշերի լուծում։ Դրա փոխարեն համակարգը վերլուծում է օգտատիրոջ ձեռքի կարճ տեսանյութը։
Google-ի տվյալներով՝ ալգորիթմը ձայնագրությունից հանում է ձեռքի վրա գտնվող 21 հիմնական կետերի կոորդինատները, որոնք օգտագործվում են ժեստերը ճանաչելու համար։ Ընկերությունը շեշտում է, որ տեսանյութը կապված չէ օգտատիրոջ ինքնության հետ, աուդիո չի ձայնագրվում եւ տեսագրությունը ջնջվում է ստուգման ավարտից անմիջապես հետո։
Google-ը կարծում է, որ այս մոտեցումն ապահովում է ավելի հուսալի ստուգում եւ կօգնի կայքերին ավելի լավ պաշտպանվել ավտոմատացված հաշիվների գրանցումներից եւ առցանց խարդախության այլ տեսակներից: Այնուամենայնիվ, նոր համակարգն արդեն հարցեր է առաջացրել գաղտնիության վերաբերյալ մտահոգված օգտատերերի մոտ: Ոմանք կարծում են, որ բոտերի սովորական ստուգման համար տեսախցիկի հասանելիություն պահանջելն ավելորդ է:
Քննադատները նաեւ կասկածի տակ են դնում նոր համակարգի արդյունավետությունը: Որոշ օգտատերեր պնդում են, որ շրջանցել են ստուգումը՝ օգտագործելով վիրտուալ տեսախցիկ եւ արհեստական բանականության կողմից ստեղծված անիմացիա:
Սա Google-ի առաջին փորձը չէ ժեստերի ճանաչման ուղղությամբ: 2023 թվականին Google Meet-ը ներկայացրել էր մի գործառույթ, որը թույլ էր տալիս օգտատերերին բարձրացնել իրենց իրական ձեռքը վեբ տեսախցիկի առջեւ՝ տեսաժողովի ժամանակ ձեռք բարձրացնելու գործառույթը ավտոմատ կերպով ակտիվացնելու համար: