14:37 | 07.07.26 | Նորություններ | 163
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները հունիսի 30-ից հուլիսի 1-ը Բեռլինում մասնակցել են GITEX AI EUROPE 2026 միջազգային տեխնոլոգիական եւ ներդրումային ցուցահանդեսին, որն անցկացվել է Messe Berlin ցուցահանդեսային կենտրոնում։
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են արհեստական բանականության, կիբեռանվտանգության, քվանտային տեխնոլոգիաների, թվային ենթակառուցվածքների եւ այլ առաջադեմ ուղղությունների վերջին զարգացումները:
Միջազգային հեղինակավոր այս հարթակը հայկական ընկերություններին հնարավորություն է ընձեռել ընդլայնելու գործընկերային ցանցը, ներկայացնելու սեփական տեխնոլոգիական լուծումները եւ ձեւավորելու համագործակցության հեռանկարներ նոր շուկաներում:
Միջոցառման ընթացքում հայկական միասնական տաղավար են այցելել ցուցահանդեսի կազմակերպիչները, միջազգային պատվիրակություններ, ներդրողներ, ինչպես նաեւ Գերմանիայում Հայաստանի եւ Ղազախստանի դեսպանությունների ներկայացուցիչները:
Ցուցահանդեսի ընթացքում նախարարության պատվիրակությունը B2B հանդիպումներ եւ բանակցություններ է նախաձեռնել հայկական ստարտափների եւ միջազգային գործընկերների միջեւ՝ նպաստելով համատեղ ծրագրերի մեկնարկին եւ հայկական լուծումների՝ եվրոպական շուկայում տեղայնացման հնարավորություններին։
Այցելուներին ներկայացվել են Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, նախարարության ռազմավարական ուղղություններն ու ոլորտի զարգացմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունները։
Միջոցառման ավարտին հայկական տեխնոլոգիական ընկերությունները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ եւ նախանշել համագործակցության հետագա ուղղությունները:
GITEX AI EUROPE-ը Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական հարթակներից է, որը համախմբում է ոլորտի առաջատար ընկերություններին, ներդրողներին, ստարտափներին, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին ու քաղաքականություն մշակողներին՝ ստեղծելով նոր համագործակցությունների, գործարար կապերի եւ նորարարական լուծումների ներկայացման արդյունավետ միջավայր: