14:39 | 07.07.26 | Նորություններ | 129

Մեկնարկել է «Հայ աղջիկների համաշխարհային ԱԲ մրցույթը»

Հուլիսին մեկնարկում է Հայ աղջիկների համաշխարհային ԱԲ (արհեստական բանականության) մրցանակաբաշխությունը, որը նախատեսված է 13-19 տարեկան հայ աղջիկների համար ամբողջ աշխարհում։ 

Մրցութային առցանց ծրագիրը նախաձեռնել է ՖԵՄԻՆՆՈ կազմակերպությունը՝ նպատակ ունենալով միավորել Հայաստանի եւ սփյուռքի հայ աղջիկներին, ոգեշնչել նրանց բացահայտել ԱԲ-ի աշխարհը եւ ստեղծել նոր համահայկական համայնք։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում բնակվող հայ աղջիկներ։ Նախնական գիտելիքներ կամ ծրագրավորման փորձ անհրաժեշտ չեն. մասնակցելու համար բավական է հետաքրքրասիրությունը, ստեղծագործ միտքն ու սովորելու ցանկությունը։

Մասնակիցներին սպասվում են առցանց հրահանգներ ու դրանց հիման վրա նախատեսված առաջադրանքներ, որոնք հաղթահարելով նրանք կկարողանան անցնել մրցույթի 3 փուլերը։ Ամբողջությամբ առցանց մրցույթի վերջին՝ երրորդ փուլում նախատեսված է մենտորություն աշխարհի տարբեր անկյուններից աջակցություն հայտնած փորձառու մասնագետների կողմից։ 

Մասնակից աղջիկները ձեռք կբերեն ԱԲ գիտելիքներ եւ նոր ընկերներ, իսկ հաղթողներին կշնորհվեն դրամական եւ հատուկ մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի միջազգային ճանապարհորդությունը։

Գրանցումը բաց է մինչեւ հուլիսի 15-ը այստեղ, իսկ մրցույթի 3 փուլերը նախատեսված են հուլիսից մինչեւ նոյեմբեր ամիսներին։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ ՖԵՄԻՆՆՈ-ի պաշտոնական հարթակում։