14:40 | 07.07.26 | Նորություններ | 155

Հայաստանում գործարկվել է կանաչ էներգետիկայի ինկուբացիոն ծրագիր

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) պաշտոնապես գործարկել են GreenTech Academy-ն՝ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ոլորտի ստարտափների համար նախատեսված առաջին մասնագիտացված ինկուբացիոն ծրագիրը։

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մինչեւ 15 ընտրված ստարտափ թիմի՝ անցնելու տեխնիկական եւ բիզնես դասընթացների համակարգված փուլ։ Այս լուծումների մուտքը շուկա արագացնելու նպատակով ակադեմիան սահմանել է 40 000 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ, որը կրթաթոշակի տեսքով կտրամադրվի սեպտեմբերին կայանալիք հաքաթոնի եւ ավարտական Դեմո օրվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած թիմերին։

Ակադեմիան ընդունում է ինչպես անհատների, այնպես էլ արդեն ձեւավորված թիմերի դիմումները։ Ծրագիր ընդունված անհատ նորարարները ակադեմիայի վաղ փուլերում կմիավորվեն եւ կձեւավորեն համատեղ ստարտափ թիմեր։ 

Ակադեմիան բաց է մասնակիցների լայն շրջանակի համար, այդ թվում՝ բուհերի շրջանավարտներ եւ ուսանողներ (16 տարեկանից բարձր), ճարտարագետներ, ծրագրավորողներ, բնապահպան-գիտնականներ, էներգետիկայի ոլորտի գործող ընկերություններ ու անհատ մասնագետներ, ինչպես նաեւ պետական հատվածի այն ներկայացուցիչները, ովքեր շահագրգռված են էներգաարդյունավետության եւ կանաչ տեխնոլոգիական լուծումների ներդրմամբ։ 

Ծրագրի ժամանակացույցը․

●    2026 թ. հուլիս եւ օգոստոս. Տեղեկատվական հանդիպումներ պոտենցիալ դիմորդների համար նշված հինգ մարզային կենտրոններում։
●    2026 թ. օգոստոս. Նախապատրաստական ուսումնական ճամբար (Bootcamp)։
●    2026 թ. սեպտեմբեր. Ազգային հաքաթոն՝ ինկուբացիոն փուլ անցնող թիմերի վերջնական ընտրության համար։
●    2026 թ. հոկտեմբեր – դեկտեմբեր. Եռամսյա ինտենսիվ բիզնես եւ տեխնիկական ինկուբացիոն ծրագիր ընտրված 15 ստարտափների համար։
●    2027 թ. հունվար. Demo Day (Ավարտական միջոցառում), որի ընթացքում տեղի կունենա մրցանակային ֆոնդի վերջնական բաշխումը լավագույն երեք ստարտափների միջեւ։

Պոտենցիալ դիմորդները կարող են ծանոթանալ ծրագրի մանրամասն չափանիշներին եւ գրանցվել առաջիկա տարածաշրջանային տեղեկատվական հանդիպումներին ծրագրի պաշտոնական կայքում՝ GreenTechAcademy.am։

«Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից, եւ իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։