14:45 | 07.07.26 | Նորություններ | 104

Մեկնարկել է «Գաղափարից մինչեւ բիզնես» ծրագրի ինկուբացիոն փուլը

Հունիսի 29-ին ազդարարվել է «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի մեկշաբաթյա ինտենսիվ ինկուբացիոն փուլի մեկնարկը, որն իրականացվում է Plug and Play Armenia-ի հետ գործակցությամբ։

Ծրագրին մասնակցում է 16 տեխնոլոգիական ստարտափ։ Նախագծի շրջանակում Հայաստան են ժամանել միջազգային վարկանիշ ունեցող հեղինակավոր  մենտորներ Դանիայից, Գերմանիայից, Կիպրոսից եւ Ֆրանսիայից (Սուսեն Լունդ, Կեյ Հիսի, Սայմոն Օհլեր, Եվանգելիա Աթանասիու եւ Դեա-Անն Դ'Ամիկո), որոնք անհատական խորհրդատվական հանդիպումներ են անցկացրել ստարտափների ներկայացուցիչների հետ։

Մենտորական ինտենսիվ աջակցությունն ուղղված է ստարտափների ռազմավարության լավարկմանը, նրանց արժեքային առաջարկի հստակեցմանն ու շուկա դուրս գալու արդյունավետ մոդելների մշակմանը։ Ծրագրի շրջանակում նախատեսված են նաեւ  թեմատիկ աշխատարաններ:

Ծրագիրը տեւել է մինչեւ հուլիսի 3-ը: Ավարտին  մասնակից ընկերությունները հասանելիություն են ունենալու  Plug and Play-ի գլոբալ ցանցին (Playbook), ինչը թույլ է տալու տեղական ստարտափներին ուղիղ կապեր հաստատել միջազգային գործընկերների ու պոտենցիալ հաճախորդների հետ՝ մեծացնելով բիզնես ծրագրերի իրագործման հնարավորություններն  ու աշխարհագրությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագիրը կյանքի է կոչվում 2019 թվականից՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը եւ խթանել նորարարական միջավայրի զարգացումը։