15:48 | 21.08.26 | Նորություններ | 102

Firebird AI-ը միացել է ԱՏՁՄ-ին որպես ռազմավարական անդամ

Firebird AI ընկերությունը պաշտոնապես միացել է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությանը (ԱՏՁՄ) որպես ռազմավարական անդամ։ 

ԱՏՁՄ-ի եւ Firebird-ի համագործակցությունը խորհրդանշական եւ խորը պատմություն ունի։ Ինչպես հանդիպման ընթացքում նշեց Firebird-ի համահիմնադիր, ԱՏՁՄ խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանը, ապագա մեգանախագծի գաղափարի առաջին քննարկումներն ու հիմնադիրների միջեւ կապը ձեւավորվել են դեռեւս 2024 թվականին՝ հենց ԱՏՁՄ կողմից կազմակերպված WCIT-Digitec միջազգային համաժողովի շրջանակում։

Արհեստական բանականության հաշվողական հզորությունների առկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացում տեղական ստարտափների, գիտահետազոտական կենտրոնների եւ համալսարանների համար։ Շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն միավորող ԱՏՁՄ-ի հետ ռազմավարական գործընկերությունը կոչված է առավելագույնս խթանելու այդ փոխգործակցությունը։

«Այն ընկերությունների եւ մարդկանց շրջանակը, որ հավաքված է ԱՏՁՄ-ում, հենց այն ուժն է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ տանելու ընկերությունները՝ կլինի դա մեր ընկերությունը՝ Firebird-ը, թե ցանկացած այլ ընկերություն կամ ստարտափ։ Բոլորս էլ միմյանցից սովորելու, միմյանց հետ կիսվելու եւ իրար օգնելու բան ունենք։ Այդ առումով ԱՏՁՄ-ն լավագույն հարթակն է Հայաստանում», - նշել է Ալեքսանդր Եսայանը։

«Այսօր Firebird-ը հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի կարեւորագույն դերակատարներից է, եւ մենք միասին իրականացնելու ենք լայնածավալ ծրագրեր, որպեսզի այս ազդեցությունը մուլտիպլիկատիվ ազդեցություն ունենա ողջ ոլորտի համար»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։

Հաշվի առնելով մեր երկրում արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար ստեղծված մեծ ներուժը՝ ԱՏՁՄ-ն եւս մեկ կարեւոր հնարավորություն է ստեղծում ոլորտի ընկերությունների համար՝ նոր համագործակցություններ ձեւավորելու եւ գլոբալ կապեր հաստատելու նպատակով։ 

Այդ հիմնական հարթակը լինելու է Դիջիթեք 2026-ը, որն անցկացվելու է «Աշխարհի նոր ԱԲ հանգույց» խորագրի ներքո՝ նոյեմբերի 20-22-ին Երեւանում համախմբելով ԱԲ ոլորտի առաջատարներին ԱՄՆ-ից, Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Արաբական ծոցի երկրներից եւ տարածաշրջանից։