16:58 | 21.08.26 | Նորություններ | 468
Օգոստոսի 20-ին Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT քոլեջ) տեղի է ունեցել «Apple-ի կողմից լիազորված կրթական ուսումնական կենտրոնի» (Apple Authorized Training Center for Education-AATCE) պաշտոնական բացումը։
Միջոցառմանը ներկա են եղել Apple ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Հայաստանի հանրային քաղաքականության ու կառավարության հետ կապերի ղեկավար Ադիլխան Կոպաբաեւը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը, ինչպես նաեւ գործընկերներ, դասախոսներ եւ ուսանողներ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գեւորգ Մանթաշյանն իր խոսքում ընդգծել է՝ Հայաստանի ամենամեծ հարստությունը երկրի երիտասարդությունն է։ Նա նշել է, որ երբ համաշխարհային ընկերությունները, ինչպիսին Apple-ն է, ներդրում են կատարում հայ երիտասարդների կրթության մեջ, նրանք ներդրում են կատարում Հայաստանի ապագայի մեջ։
Նրա խոսքով՝ ACT քոլեջի այս ձեռքբերման շնորհիվ հայ երիտասարդը կարող է ստանալ միջազգային մակարդակի կրթություն եւ որակավորում՝ առանց հայրենիքից հեռանալու։ Նրա գնահատմամբ՝ սա այն ուղին է, որով Հայաստանը դառնում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։
ACT քոլեջը Հայաստանի Հանրապետությունում առաջին կրթական հաստատությունն է, որին շնորհվել է Apple-ի լիազորված ուսումնական կենտրոնի կարգավիճակ։
AATCE-ն Apple ընկերության պաշտոնական հավատարմագրումն է, որը հաստատությանը հնարավորություն է տալիս իրականացնելու ընկերության հավաստագրված ծրագրերը եւ ուսանողներին նախապատրաստելու Apple-ի միջազգային որակավորման քննություններին։
Նոր կարգավիճակը հայ ուսանողներին թույլ կտա տեղում ձեռք բերել միջազգային ճանաչում ունեցող որակավորումներ՝ նպաստելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կրթական հանգույցի դիրքերի ամրապնդմանը։
ACT-ն հիմնական կրթության հիմքով պետական լիցենզիա ունեցող քոլեջ է, որը նորարարական կրթություն է տրամադրում թվային արվեստի, ճարտարագիտության եւ արտադրության, ինչպես նաեւ համակարգչային գիտության ոլորտներում։ Այն հիմնադրվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) գիտակրթական հիմնադրամի կողմից։