09:58 | 27.08.26 | Նորություններ | 136

Yandex Armenia-ն եւ Armenian Code Academy-ն մեկնարկում են AI եւ ML մասնագետների պատրաստման ծրագիր

Yandex Armenia-ն եւ Armenian Code Academy-ն մեկնարկում են ML School Armenia-ն՝ AI-ի եւ մեքենայական ուսուցման (ML) ոլորտների մասնագետների պատրաստման երկամյա ծրագիր։ 

Ծրագրի շրջանավարտները կկարողանան տեխնոլոգիական ոլորտի համար լուծումներ ստեղծել՝ մեքենայական ուսուցման դասական համակարգերից մինչեւ նեյրոնային ցանցեր, համակարգչային տեսողության համակարգեր եւ մեծ լեզվական մոդելներ (LLM)։

Առաջին խմբում կընդգրկվի առավելագույնը 30 մասնակից՝ մաթեմատիկայից, ալգորիթմներից եւ ծրագրավորումից անցկացվող ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա։ Նրանց համար ուսուցումն անվճար կլինի։ Ծրագիրը նախատեսված է ՏՏ, մաթեմատիկական եւ տեխնիկական ուղղություններով սովորող ուսանողների եւ մասնագետների համար։ Դիմումները կարելի է ներկայացնել մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 12-ը։

Հիմնական ծրագիրը մշակվել է Yandex-ի Տվյալների վերլուծության դպրոցի (ՏՎԴ) ակադեմիական մոտեցումների եւ փորձագիտական գիտելիքների հիման վրա եւ համադրում է հիմնարար կրթությունն ու գործնական աշխատանքը։ Ուսանողները կսովորեն աշխատել տվյալների հետ, ընտրել եւ կարգավորել ML մոդելներ, գնահատել լուծումների որակը, սովորեցնել նեյրոցանցերին, օպտիմալացնել կոդն ու ինֆերենսը, ինչպես նաեւ կուսումնասիրեն բաշխված ուսուցման եւ մոդելների տեղակայման մոտեցումները։

Ծրագրի առանձին դասընթացներ նվիրված են մեքենայական ուսուցման ժամանակակից ուղղություններին՝ գեներատիվ մոդելներին եւ մեծ լեզվային մոդելներին, համակարգչային տեսողությանը, նեյրոլեզվաբանական ծրագրավորմանը (NLP), առաջարկությունների եւ խոսքային համակարգերին։ Ուսանողները կկարողանան ընտրել լրացուցիչ առարկաներ եւ ձեւավորել ուսուցման անհատական ուղին՝ իրենց հետաքրքրություններից եւ մասնագիտական առաջնահերթություններից ելնելով։ Մասնակիցներին հասանելի կլինեն նաեւ Yandex School of Data Analytics-ի որոշ դասընթացներ։

Ծրագրի գործնական մասը ներառում է «Industrial Weekend»-ներ՝ հանդիպումներ Yandex Armenia-ի եւ Հայաստանի այլ տեխնոլոգիական ընկերությունների ML մասնագետների հետ։ Ուսանողները կվերլուծեն իրական համակարգերի օրինակներ, կծանոթանան դրանց ճարտարապետությանը, տեխնիկական լուծումներին եւ նախագծային առանցքային որոշումների տրամաբանությանը։ Բացի այդ, ծրագիրը ներառում է նախագծային աշխատանք, որի շրջանակում ուսանողները կկարողանան լուծել կիրառական եւ հետազոտական խնդիրներ։

Դասերը կանցկացվեն շաբաթական երկուսից երեք անգամ՝ Երեւանում գտնվող Yandex Armenia-ի գրասենյակում, ML School-ի հատուկ տարածքում, որի բացումը կկայանա այս տարվա հոկտեմբերին։

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով։ Թեկնածուները պետք է անցնեն առցանց թեստավորում եւ օֆլայն հարցազրույց։ Ընդունելության փուլում կստուգվեն նրանց գիտելիքները մաթեմատիկայից, ալգորիթմներից եւ ծրագրավորումից։

Հայտը նեկայացնել այստեղ։