14:54 | 27.08.26 | Նորություններ | 170
Օգոստոսի 21-27-ը Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում անցկացվում է այս տարվա վերջին «Հորիզոն» ճամբարը։ 2023 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունն իր շուրջն է համախմբում Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաեւ Ջավախքի պատանիներին։
Ծրագրի նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդների հմտությունների զարգացմանը, մարզային կյանքի ակտիվացմանը, ազգային արժեքների ամրապնդմանն ու միջմարզային կապերի ստեղծմանը։ Ծրագիրն արդեն 13-րդ անգամ իրականացվում է «Հզոր միտք» հասարակական կազմակերպության կողմից։
Պատանիների զարգացման, կրթության եւ համայնքային ներգրավվածության խթանմանն ուղղված այս կարեւոր նախաձեռնության կողքին է նաեւ Viva-ն։ Ընկերությունում հավատում են՝ յուրաքանչյուր ոք, անկախ բնակության վայրից, պետք է ունենա նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ սեփական ներուժը բացահայտելու հավասար հնարավորություններ։
«Viva-ն կարեւորում է այն ծրագրերը, որոնք երեխաներին ինքնադրսեւորվելու, սեփական ներուժը բացահայտելու եւ համայնքների զարգացմանը մասնակցելու հնարավորություն են տալիս։ Մեզ համար սա պարզապես մեկանգամյա աջակցություն չէ, այլ երկարաժամկետ ներդրում սերունդների ինքնավստահության, կրթության եւ ապագայի մեջ։ Այս նախաձեռնությունները երեխաներին թույլ են տալիս դուրս գալ առօրյա միջավայրից, շփվել տարբեր համայնքներից հասակակիցների հետ, ձեռք բերել արդիական հմտություններ ու ձեւավորել ամուր կապեր։ Նմանատիպ ծրագրերը նպաստում են ոչ միայն անհատի կայացմանը, այլեւ համայնքների միջեւ համագործակցության ու համերաշխության ամրապնդմանը», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Ճամբարի մասնակիցների համար դասախոսությամբ է հանդես եկել Viva-ի թվային մարքեթինգի առաջատար մասնագետ Լանա Հակոբջանյանը, ով պատանիներին ներկայացրել է թվային մարքեթինգի առանձնահատկությունները եւ պատասխանել նրանց հուզող հարցերին։
««Հորիզոն» ճամբարը մեզ համար պարզապես ամառային ճամբար չէ։ Այն գաղափար է՝ երիտասարդի մեջ տեսնել ոչ միայն ապագայի քաղաքացու, այլեւ այսօրվա փոփոխություն ստեղծող ուժի։ Ճամբարը ստեղծվել է հենց այդ միջավայրը ձեւավորելու համար։ Այստեղ մենք չենք փորձում երիտասարդներին ասել՝ ինչպիսին պետք է լինի նրանց ապագան։ Փոխարենը փորձում ենք նրանց տալ գործիքներ, փորձ եւ մարդիկ, որոնց միջոցով նրանք կարող են ինքնուրույն գտնել իրենց ճանապարհը։ «Հորիզոն»-ում մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր մասնակից հեռանա ոչ միայն նոր ընկերներով ու հիշողություններով, այլեւ մեկ կարեւոր հարցով․ «Ի՞նչ կարող եմ ես անել իմ համայնքի, իմ շրջապատի եւ իմ երկրի համար»»,- ասել է «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը։
Յոթօրյա ճամբարին մասնակցում է շուրջ 80 պատանի: Ճամբարային այդ յոթ օրերի ընթացքում անցկացվեցին կրթական եւ զարգացնող տարաբնույթ դասընթացներ, ազգային պարերի ուսուցում, խմբային աշխատանքներ ու ինտերակտիվ խաղեր, որոնք միտված են մասնակիցների առաջնորդական, հաղորդակցման եւ թիմային հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը։