ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը եւ QS Quacquarelli Symonds-ը (QS) մեկնարկել են ռազմավարական համագործակցության նոր ծրագիր։
Նպատակն է աջակցել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վերափոխմանը եւ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը, որը կապահովի տվյալների վրա հիմնված վերլուծություն, միջազգային համեմատական գնահատում (benchmarking), տվյալահեն եզրահանգումներ, ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհային քարտեզներ, հայաստանյան համալսարանների միջազգային մրցունակության եւ տեսանելիության ամրապնդմանն ուղղված խորհրդատվական աջակցություն, ինչպես նաեւ բարձրագույն կրթության համակարգի առավել սերտ համապատասխանեցում ազգային առաջնահերթություններին եւ համաշխարհային չափանիշներին։
42-ամսյա համագործակցության ծրագիրը կիրականացվի երկու փուլով, յուրաքանչյուրի համար սահմանված են համապատասխան գործողություններ, արդյունքներ եւ վերջնաժամկետներ։ Ռազմավարական գնահատման զեկույցների պատրաստումից հետո QS-ը կաշխատի Հայաստանի համապատասխան շահակից համալսարանների հետ՝ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համակարգմամբ եւ աջակցությամբ։
Գործընկերները կանցկացնեն ռազմավարական զարգացման աշխատաժողովներ, կմշակեն ինստիտուցիոնալ ճանապարհային քարտեզներ եւ հետագա հանդիպումների, աշխատաժողովների ու զեկույցների միջոցով կգնահատեն մասնակից համալսարանների առաջընթացը։